ԱԱԾ-ից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ գործողությունները կառավարում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, որը մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր և ստանձնել է դատական իշխանության կուրատորի դերը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հունիսի 28-ին ԱԱԾ-ն հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունը, որ ԱԱԾ-ում Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ կա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքով։ ԱԱԾ-ից հայտնել են, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկության՝ Անդրանիկ Սիմոնյանը լոյալ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Անդրանիկ Սիմոնյանը ժամանակին ցուցմունք է տվել Ռուբեն Վարդազարյանի դեմ և արագ թռիչքով հասել ԱԱԾ։ Ըստ լուրերի՝ Սիմոնյանը նաև անձնական խնդիր ունի` ինչ-որ հարցով դիմել է Անդրեասյանին, մերժվել և հայտարարել, որ նա արժանանալու է Ջհանգիրյանի ճակատագրին։ Համակարգի մեր աղբյուրները չեն բացառում նաև, որ իշխանությունը փորձում է Կարեն Անդրեասյանին ավելի հնազանդեցնել, թեև սրանից ավելին երևի չի լինում»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։