Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հայտնում է, որ քաղաքական իշխանությունները նշել են, որ քննիչ հանձնաժողովում պետության համար կարևորագույն հարց է քննվում։ Ըստ թերթի՝ նրանք ընդգծել են, որ Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսք քննության նոր առարկա կարող է լինել։
Դավիթ Տոնոյանը փետրվարի 25-ին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանրային լսումներ անցկացնել 2020 թվականի Արցախյան պատերազմի վերաբերյալ։
Հուլիսի 5-ին մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել էր, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: Հունիսի 20-ին և 27-ին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով էր ներկայացել Նիկոլ Փաշինյանը։
Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնբ զբաղեցրել է 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել են 2021 թվականի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քննվող քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։