Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում են ԱՀ Պն մամուլի ծառայությունից։
ԱՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմում կորուստներ չկան։
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՀ ՊՆ-ն այսօր՝ օգոստոսի 17-ին հայտնել էր, որ օգոստոսի 16-ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
ՀՀ ՊՆ-ն այսօր՝ օգոտսոսի 17-ին, հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։