Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հայտնում են, ոչ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նշվում է, որ առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը): Մեղադրանք է առաջադրվել նաև 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից և որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով):
Օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին նա ձերբակալվել էր։