Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են Արցախի 29 և 16 տարեկան նախկին բնակիչներ, հայտնել է Քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության՝ առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Իսկ անչափահաս քաղաքացին առերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով։
Նրանց հանդեպ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ) և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը պատժվում է մինև 5 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով նախաձեռնված քրեական գործ է հարուցվել։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել ի աջակցություն Արցախի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ցուցարարները ՀՀ իշխանություններից պահանջել են պաշտպանել Արցախը և վանկարկել «Նիկոլը դավաճան է», ինչպես նաև փորձել են ճեղքել ոստիկանական շղթան կառավարության շենքի մուտքի մոտ, որից հետո ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ոստիկանները կիրառել են խլացուցիչ նռնակներ։
Տեղի ունեցած բախումներից հետո ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել, 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է:
Ցուցարարներին միացած ըննդիմադիր առաջնորդներից «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ դիմելով քաղաքացիներին կոչ է արել իշխանափոխություն իրականացնել։