Դատախազը գործարար Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ՝ Գոհար Քյալյանի նկատմամբ փողերի լվացման գործով հարուցել է հանրային քրեական հետապնդում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, Գոհար Քյալյանն իր ամուսնու՝ գործարար Սամվել Մայրապետյանի հետ համակատարմամբ, 2011թ․ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գումար։ Նրանք 2002թ․ դեկտեմբերի 5-ին հիմնադրել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոս բաժնեմասը գրանցվել է Քյալյանի, իսկ մյուս 50 տոկոսը՝ Մայրապետյանի անվամբ։
2004թ․ հոկտեմբերի 25-ին Սամվել Մայրապետյանը և Գոհար Քյալյանը ձեռք են բերել 1995թ․ փետրվարի 15-ին հիմնադրված «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոսի չափով։
«Մայրապետյանը 2004-2011թթ․ ժամանակահատվածում, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունների կողմից Երևան քաղաքի Բայրոնի 3, Աբովյան 8, Պուշկինի 38/1, Հյուսիսային պողոտա 3 և 5 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանց օտարման ոլորտներում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, հարկային մարմնին ներկայացրած հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով պետական բյուջե չի վճարել 8 մլրդ դրամ հարկ»,- հայտնում է դատախազությունը։
Ըստ գերատեսչության՝ վերոնշյալ 8 մլրդ դրամ հանցավոր ծագում ունեցող գումարից 378 մլն 176 հազար դրամին համարժեք 760 հազար եվրոն ներդրել է 2011 թվականի նոյեմբերի 25-ին Սլովակիայում հիմնադրված և իրեն ու ամուսնուն պատկանող «Արեգ» ՍՊ ընկերությունում: Ընկերության անվամբ ձեռք են բերվել Սլովակիայում գտնվող 50-80 հազար եվրո շուկայական արժեքով «LEXUS ES300H» մակնիշի տրանսպորտային միջոց և 17 միավոր անշարժ գույք:
Դատախազը 2023թ․ հոկտեմբերի 10-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ք.-ի նկատմամբ՝ 2003թ․ ապրիլին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը))։