ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։
Նշվում է, որ ըստ այդմ՝ կատարված վերոնշյալ բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 34 քրեական վարույթ, տարբեր հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով, ինչպես նշված օրերին, այնպես էլ դրանից հետո, ձերբակալվել է ակցիաների մասնակից ընդհանուր 64 անձ։
Կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին․
1․ 46-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված), որոնցից մեկի դեպքում՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդված) հետ համակցությամբ։
2․ 7-ի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված), կամ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդված), կամ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի տարբեր մասերով)։
3․ 4-ի նկատմամբ՝ պաշտոնատար անձի (ոստիկանի) օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ, միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս)։
4․ 3-ի նկատմամբ՝ խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի տարբեր մասերով)։
Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։
Հանրային քրեական հետապնդման ենթարկվող 8 անձ գտնվում է հետախուզման մեջ։ Ներկա պահի դրությամբ՝ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 7 անձի վերաբերյալ 5 քրեական վարույթ, որոնցից 4-ի նյութերն արդեն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։