Գլխավոր դատախազությունը 35 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ Աբովյանի նախկին երեք քաղաքապետերի պաշտոնավարման շրջանում համայնքային հողերն օտարելու մասին ավագանիների կայացրած որոշումները և իրավական այլ ակտեր անվավեր ճանաչելու պահանջով, գրում է Հետքը։ Հայցերը վերաբերում են 2004-2020 թվականներին Աբովյան քաղաքի նախկին ղեկավարներ Կարո Իսրաելյանի, Կարապետ Գուլոյանի և Վահագն Գևորգյանի պաշտոնավարման շրջանում իրականացված հողերի վաճառքներին։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլի 6-ին «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածում լրացում կատարվեց, որով դատախազությանը նաև համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավունք տրվեց։ Վարչական դատարանը 35 հայցադիմումներից 24-ը մերժել է վարույթ ընդունել։ Դատավորների մեծ մասը հայցերը վարույթ չընդունելը հիմնավորել են նրանով, որ օրենքում կատարված լրացումը չի կարող տարածվել մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված գործարքների վրա, հետևաբար ներկայացված հայցը ենթակա չէ դատարանում քննության: Բացի այդ, Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Նշվում է, որ հայցադիմումներից երկուսը դատավոր Արթուր Ծատուրյանը վերահասցեագրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանին՝ այն հիմնավորումով, որ Աբովյան համայնքի և աճուրդի հաղթող ճանաչված քաղաքացիների միջև ծագած իրավահարաբերությունը հանրային բնույթ չունի, հետևաբար հայցադիմումն ընդդատյա չէ վարչական դատարանին։ Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին վերադարձրել է հայցադիմումը՝ ասելով, որ գործը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։