2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի, 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով, գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը (9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ)։ Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով՝ քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք»,- նշել է փաստաբանը։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «Եռաբլուրից» 34 ծնողի բերման ենթարկելու համար պաշտոնական տվյալներով պանթեոն էին ուղարկվել 439 ոստիկաններ, (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին) որոնց գերակշիռ մասը հրաձիգներ էին, հրաձիգ նռնականետորդներ և հրաձիգ գնդացրորդներ։