16 ամիս անց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի ներկայացրել Հայաստան իմ մուտքի արգելքի պատճառները, հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Հարգելի ընկերներ, ես կրկին Հայաստան մուտքի իմ արգելքի տակ եմ։ Ազգային անվտանգության ծառայության կայացրած որոշման դեմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Դատավորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չէր ներկայացրել իմ արգելքի պատճառները։ Դատական համակարգը հասկանում է, որ գործն ամբողջությամբ դատարկ է։ Դատավորը 10 օր ժամանակ է տվել Ազգային անվտանգության ծառայությանը՝ բացակայող փաստաթուղթը գործին ավելացնելու համար»,- գրել է նա։
Փափազյանի խոսքով՝ հունվարի 25-ի դատական նիստում կպարզվի, թե արդյո՞ք ինքն իրավասու է ֆիզիկապես մասնակցել նիստին։
Նոյեմբերի 21-ին Փափազյանը դիմել էր ՀՀ արդարադատության համակարգին՝ ստանձնել իր պարտականությունները, բեկանելով Ազգային Անվտանգության Ծառայության որոշումը։
Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել էր 2022 թվականի հուլիսի 14-ին։
2022 թվականի հուլիսի 22-ին վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Փափազյանին արգելվել է մուտք գործել Հայաստանի տարածք, քանի որ նա եղել է 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան մոտ վարչապետի գլխավորած պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպիչներից մեկը:
2022 թվականի հուլիսի 28-ին Փափազյանը դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով բեկանել որոշումը, իսկ հոկտեմբերի 16-ին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի ԱԱԾ-ի։