Երիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, որոսրդական հրացանով 4 անգամ կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենային, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«1987թ. ծնված Գ.Հ.-ն, 2023թ. նոյեմբերի 28-ի՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 23:30 ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։ Վիճաբանության ընթացքում կինը զանգահարել է իր հորը, խնդրել գալ և իրենց տեղափոխել այդտեղից։ Ժամը 2:30-ի սահմաններում հայրն իր որդու հետ միասին եկել են դստեր բնակության վայր։ Գ.Հ.-ն, տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, վերցնելով որսորդական ողորկափող հրացանը, դուրս է եկել տանից։ Երբ հայրը որդու, դստեր և վերջինիս երկու անչափահաս երեխաների հետ իրենց «Nissan» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են տվյալ հասցեից, կնոջ ամուսինը հայտնվել է ընթացող մեքենայի դիմաց և, կնոջ հորը սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի գտնվող որսորդական ողորկափող հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի վրա, վարորդի ուղղությամբ։ Սակայն կրակոցներից մեկը միայն վնասել է մեքենայի հետևի ձախակողմյան դուռն ու վարորդի նստատեղի թիկնակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել:
Գերատեսչության փոխանցմամբ՝ 36-ամյա Գ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Ֆիզիկական ներգործությունը մերձավոր ազգականի կողմից որը պատժվում է հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով), 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Հոգեկան ներգործությունը մերձավոր ազգականի կողմից՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով), 44 (հանցափորձ)-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով (Սպանությունը հղի կնոջ, մերձավոր ազգականի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։