ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հայաքվեի» նախագծին։ Հանձնաժողովը 3 կողմ, 7 դեմ ձայներով մերժել է նախագիծը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել էր 2 ամսով հետաձգել «Հայաքվեի» նախագծի քննարկումը, բայց հանձնաժողովն այդ առաջարկն էլ է մերժել։ 3 կողմ, 7 դեմ ձայներով Մինասյանի առաջարկը չի ընդունվել։
Հանձնաժողովի նիստին զուգահեռ՝ «Հայաքվեի» աջակիցներն ակցիա են իրականացրել ԱԺ-ի շենքի դիմաց։
Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր Արցախի՝ որպես երրորդ պետության մաս ճանաչելը քրեականացնելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» նախաձեռնության կողմից հավաքված ստորագրությունների իսկությունը։
Մայիսի 23-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումը հանդես էր եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար քրեական պատիժներ նախատեսելու համար։ Սա ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը կազմում է 86․600 քառակուսի մետր և ներառում է Արցախը։
Ստորագրահավաքը մեկնարկել էր հունիսի 29-ին Երևանում, իսկ հունիսի 30-ին՝ հանրապետության մյուս քաղաքներում։ Օգոստոսի 31-ին նախաձեռնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր փոխանցել Արցախի պաշտպանության համար հավաքված 58000 ստորագրությունը։ Շարժման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը սեպտեմբերի 2-ին ասել էր, որ նախագիծը խորհրդարան կներկայացվի հոկտեմբերին։