Քննչական կոմիտեն դեկտեմբերի 6-ին Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում երկու կանանց և մեկ երեխայի վրաերթի դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է, որ Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Պորշե» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ, 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա երեխայի։
ՔԿ-ից հայտնել են, որ վրաերթի հետևանքով մահացածը 38 տարեկան է եղել, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Նշված երեք անձինք ճանաչվել են տուժող։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նա հայտնել է, որ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։ Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, որն որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Արարաքի համար առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է։
ՔԿ-ից հավելել են, որ քննությամբ պարզվում են դեպքի հանգամանքները՝ նաև վարորդի արարքին իրավական գնահատական տալու նպատակով։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ վրաերթի հետևանքով մահացած կինը հղի է եղել։