Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան, հայտնել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը․ քաղաքացիական դատարաններում 2 000-4 000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած Եվրոպական երկրներում է):
«Քաղաքացիական գործերն առաջին ատյանում 2024 թվականի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս։ Այս բարեփոխումը տևեց շուրջ մեկ տարի, քանի որ պետք էր օրենսդրական փոփոխություն, համակարգչային նոր ծրագրի մշակում, նոտարիատի և հարկադիր ծառայության ծրագրերի համակցում և նոտարիատի վերապատրաստում: Նման կարևոր բարեփոխման և մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, Նոտարական պալատին»,- գրել է նա: