Ստուգել են, լավ են արել, թող ստուգեն․ օրենքի առաջ բոլորը հավասար են, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խոսելով իր դեմ ընթացող դատական գործընթացների մասին։
«Կան տասնյակ փաստաբաններ, որ ամեն մեկը մի ոլորտով զբաղվում է։ Օրենքը բոլորի համար է, օրենքի առաջ բոլորս՝ հավասար։ Ամեն ինչ կներկայացվի, կասվի։ Կառուցել եմ եկեղեցիներ, կառուցել եմ գործարաններ, սպորտդպրոցներ, ֆինանսավորել եմ, թոշակներ եմ նշանակել, սպորտսմեններ եմ բերել, տարեկան 100-200 մեքենա բաժանել եմ, նվեր եմ տվել, օլիմպիական չեմպիոններին 1 մլն դոլար եմ տվել։ Բարոյական կողմը չեմ կարողանում հասկանալ, որ մարդն այսքան արել-դրել է, մտածել իր երկրի, իր ժողովրդի, իր պատվի համար և այսօր նման գործ կա։ Ամեն ինչ ստուգել են, շատ էլ լավ են արել, թող ստուգեն, ես չեմ ասում չստուգեն։ Որտեղ ստուգումներ են արել, թղթապանակ են գտել, 40 տարվա, որտեղ եղել են բոլոր հաշվետվությունները, մենք խնդիր չունենք, բոլորը պարզ է»,- նշել է նա:
Ծառուկյանի խոսքով՝ ավելի ուշ պարզ կդառնա, թե որն էր այս ամենի նպատակը և ինչի համար էր արվում։
Դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը։
Ծառուկյանի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալն ամբողջությամբ առարկում է դատախազության հայցադիմումը, նրա գույքերի ծագումն օրինական է և դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ: Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 17-ին։