ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանը և Վաչե Սիմոնյանը հերքել են մամուլում տարածվող տեղեկությունները, թե, իբր, նա փախել կամ թաքնվել է հունվարի 11-ին Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի քննությունից։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա»,-հայտարարել են պաշտպանները։
Հարությունյանը հայտնել է, որ ձերբակալման պահին Խաչատրյանն իր հետ է եղել։
«Մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է»,-հայտնել է պաշտպանը։
Հունվարի 12-ին հայտնել էինք, որ Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ Ոստիկանությունը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Արամուս գյուղում, որի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977թ. ծնված տղամարդ: Գերատեսչությունը չէր բացահայտել ձերբակալված կասկածյալի ինքնությունը: Shamshyan.com-ը հայտնել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, անձամբ իրեն պարգևատրված զենքով, կրակոցներ է արձակել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրվարույթ է հարուցվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանությունը, առավելագույն պատիը՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ ձեռք բերելը, իրացնելը, կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):