ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, քննիչը միջնորդել է կալանավորել նրան, հայտնել է Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարով):
Նա տեղեկացրել է, որ կալանքի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կքննի այսօր՝ ժամը 18։00-ին, գործը մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին։
Հունվարի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խաչատրյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ՝ այդ թվում՝ Խաչատրյանը։
Հունվարի 12-ին հայտնել էինք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրվարույթ է հարուցվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանությունը, առավելագույն պատիը՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ ձեռք բերելը, իրացնելը, կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով):
Ավելի ուշ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանը և Վաչե Սիմոնյանը հերքել էին մամուլում տարածվող տեղեկությունները, թե, իբր, նա փախել կամ թաքնվել է հունվարի 11-ին Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի քննությունից։