Ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նա հստակեցրել է, որ վճիռը կայացրել է դատավոր Գագիկ Պողոսյանը։
Հունվարի 14-ին փաստաբանը տեղեկացրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել, քննիչը միջնորդել է կալանավորել նրան։
Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարով):
Հունվարի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խաչատրյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ՝ այդ թվում՝ Խաչատրյանը։
Հունվարի 12-ին հայտնել էինք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրվարույթ է հարուցվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանությունը, առավելագույն պատիը՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ ձեռք բերելը, իրացնելը, կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով):
Խաչատրյանի պաշտպանները հերքել էին մամուլում տարածվող տեղեկությունները, թե նա փախել կամ թաքնվել է հունվարի 11-ին Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի քննությունից։