ԶԼՄ-ներին հայտնի են դարձել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպի մանրամասները:
Արամուս գյուղի «Էրիկի մոտ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների ժամանակ, որի համար երկու ամսով ձերբակալել էին Խաչատրյանին, մասնակցել է ևս 4 անձ, որոնցից մեկն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն է` Արմեն Հարությունյանը, պարզել է «Հրապարակ»-ը:
«Արցախցու պատկանող օբյեկտում՝ սեղանի շուրջ, խոսել են Արցախի անկման մասին, Տիրան Խաչատրյանը մեղադրել է նաև Արայիկ Հարությունյանին` Նիկոլ Փաշինյանին հավասար»,- գրել է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահի եղբայրն ու մյուս արցախցիները պահել են Բաքվի բանտում գտնվող Հարությունյանի «թասիբը», ինչից էլ լեզվակռիվ, քաշքշուկ է սկսվել:
«Այդ օրը բանը չի հասել հրազենին, մեկ կամ երկու օր հետո Տիրան Խաչատրյանին կանչել են «ատչոտ տալու», չորսով մեկի դեմ են հարձակվել, վերջինս էլ ինքնապաշտպանական նկառատումներով` իր զենքից օդ է կրակել»,- ասված է հրապարակման մեջ։
Հունվարի 14-ին փաստաբանը տեղեկացրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել, քննիչը միջնորդել է կալանավորել նրան։
Հունվարի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խաչատրյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Խաչատրյանը։
Հունվարի 12-ին հայտնել էինք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրվարույթ է հարուցվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում 5 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ ձեռք բերելը, իրացնելը, կրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով):