Քննչական կոմիտեն հայտնել է Newspress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport ավտոմեքենան հրկիզելու դեպքի մանրամասները։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ են նախաձեռնել։
Քրվարույթը հարուցել են ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ մեկ ամիս ժամկետով) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, առավելագույն պատիժը՝ 8 տարի ժամկետով) հատկանիշներով։
«Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։ Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձնավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,-հավելել է Աբրահամյանը։
Հունվարի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին Հովսեփյանի ավտոմեքենան հրկիզելու մասին։ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հաստատել էին մեքենա հրկիզելու լուրը՝ տեղեկացնելով, որ ստացած հաղորդումն ուղարկել են ՔԿ։ ՆԳՆ-ից չէին հստակեցրել՝ արդյոք մեքենան պատկանում է Հովսեփյանի՞ն, թե՞ ոչ։