ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 8-ի առավոտյան ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորություն, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի օրաթերթը՝ «Ժողովուրդը», հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, իրավապահ համակարգը չի բավարարի ՔՊ պատգամավորների միջնորդությունը, քանի որ գործով կալանավորվածները, ըստ թերթի աղբյուրների, հրաժարվում են ցուցմունք տալ։
Թերթի տեղեկություններով՝ իրավապահներն Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին կտանեն Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
«Այդ հարցաքննությունից ու ցուցմունքից է կախված գործի ելքը։ Կախված է նրանից, թե փոխնախարարը կտա՞ անուններ, թե՞ ոչ»,- հավելել է թերթը։
«Հրապարակ» օրաթերթն էլ հայտնել է, թե ՔՊ պատգամավորներից ովքեր չեն ստորագրել երաշխավորությունը։
«Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը և Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են, բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասելով, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի»,- հավելել է թերթը։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, որը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում է ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել։