Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների գործով մեղադրյալ «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանին կալանավորելու որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարանում, հայտնել են փաստաբաններ Գոռ Օհանյանը և Էրիկ Ալեքսանյանը։
Նրանք տեղեկացրել են, որ փետրվարի 7-ին ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։ Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։
Անդրադառնալով մեղադրանքի բուն էությանը՝ փաստաբանները նշում են, որ սահմանափակված են նախաքննության գաղտնիության կարգավիճակով, ուստի կարող են ընդամենը գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի հայտարարությանը. «Հիմնավոր չէ թե՛ խնդրո առարկա մրցույթի մասնակցության անհնար պայմաններ ստեղծելու մեղադրանքը, թե՛ անհայտ ելակետային թվից երեք անգամ ավելի թանկ հաշվարկ կատարելը։ Նախաքննության ընթացքում, և հարկ եղած դեպքում նաև դատարանում, մենք պատրաստ ենք ապացուցել մրցույթի մասնակցության օրինականությունը և ներկայացված արժեքի գնագոյացումը»,- նշել է փաստաբան Օհանյանը։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, որը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում է ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։