Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումներ կատարելու գործով կալանավորված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, ազատ կարձակեն, գրում է Armlur-ը։
Կայքի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների երաշխավորությամբ Գևորգյանին ազատ արձակելու վերաբերյալ քաղաքական որոշում կա։
«Մյուս կալանավորվածների մասով դեռ որոշում չկա: Նրանց ազատ արձակելու երաշխավորության ստորագրահավաքն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և համաձայնությամբ, ըստ այդմ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասով քաղաքական որոշումը հեշտ է կայացվել»,- հավելել է ԶԼՄ-ն։
ՔՊ-ն փետրվարի 8-ին գործով կալանավորված, մասնավորապես, մանկահասակ երեխա ունեցող կանանց ազատ արձակելու երաշխավորություն էր ներկայացրել։
Քննչական կոմիտեն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։ Կալանավորված անձանց թվում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, որը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում է ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։