Դատախազի սեփական նախաձեռնությամբ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով կալանավորված «Սիներջի» ընկերության 2 աշխատակիցները՝ Լիլի Մկրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանն, ազատ են արձակվել, դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է նրանց նկատմամբ կիրառել գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն, տեղեկանում ենք Գլխավոր դատախազության հաղորդագրությունից։
Դատախազությունից հայտնել են, որ 2 մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ։
«Նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, ինչի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ՝ հայտնել են, որ կազմակերպության ղեկավարի (Աշոտ Հովհաննիսյան-խմբ․) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:
Փետրվարի 12-ին ԶԼՄ-ները տեղեկացել էին Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանքից ազատելու իշխանությունների որոշման մասին։ ՔՊ-ն փետրվարի 8-ին գործով կալանավորված, մասնավորապես, մանկահասակ երեխա ունեցող կանանց ազատ արձակելու երաշխավորություն էր ներկայացրել։
Քննչական կոմիտեն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։ Կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Գևորգյանը, ընկերության տնօրեն Հովհաննիսյանը, որը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Կալանավորվածների թվում էր ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։