Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում փետրվարի 13-ին հակառակորդի կողմից չորս անձի սպանության, մեկի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնում են ՔԿ-ից։
Էդուարդ Հարությունյանին, Գագիկ Մանուկյանին, Արսեն Համբարձումյանին և Հրաչ Հովհաննիսյանին սպանելու, իսկ Ռուստամ Վարդանյանին վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն՝ կապված այդ անձի կողմից իր պետական, ծառայողական պարտքի կատարման հետ, կապված ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում-խմբ․):
Քրվարույթը հարուցվել է նաև Քրեական օերնսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով (հանցավորի դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն՝ ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում-խմբ․)։
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։ ՀՀ ԱԳՆ դատապարտել էր Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ գյուղի գնդակոծությունը՝ Ադրբեջանի այս գործողություններն անվանելով Հայաստանի դեմ ուղղված ռազմական սադրանք, կոչ էր արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից և վերադառնալ բանակցություններին։
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: