Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել 8 անձի, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ, հայտնում է ՔԿ-ի մամուլի ծառայությունը: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններից մեկը։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Ս» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Ս» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն»,- մանրամասնում է ՔԿ-ն:
Պարզվել է, որ նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները՝ ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց մրցույթին մասնակցող «Հ» հիմնադրամի փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:
Իրավապահ մարմինները նաև պարզել են, որ ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում իրենց հաղթանակի երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1 մլն. դոլարին համարժեք՝ ավելի քան 392 մլն. ՀՀ դրամ գին առաջարկած ընկերությունն այն դեպքում, երբ մրցույթից ապօրինի հեռացված հիմնադրամի գնառաջարկը կազմել է 108 մլն. ՀՀ դրամ:
Հանձնաժողովի որոշման դեմ հիմնադրամի կողմից հայց էր ներկայացվել դատարան, և 2023 թվականի օգոստոսի 31-ին գնահատող հանձնաժողովի նիստում դատարանի վճռի հիման վրա մրցույթի հաղթող է ճանաչվել հիմնադրամը:
«Նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»,- պարզաբանում է ՔԿ-ն:
Գերատեսչությունը հավելում է, որ նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել հիմնադրամի և պետության օրինական շահերին։
ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում էր ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։