ՀՀ էկոնոմիայի նախկին նախարար Վահան Քերոբյանն արդեն Քննչական կոմիտեում չէ, հակակոռուպցիոն դատարան են գնում խափանման միջոցի հարցը քննելու համար, հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում: Էկոնոմիայի նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի, 2-րդ մասի 4-րդ կետով (խմբի կազմում շահադիտական նկատառումներով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Եգորյանի խոսքով՝ մեղադրանքը «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ է: «Մեր գնահատմամբ՝ հետապնդման որոշման մեջ բերված հիմքերը բավականին թույլ են: Միջնորդության մեջ նշված հետազոտությունները և եզրահանգումներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են»,- հայտնել է փաստաբանը՝ ավելացնելով, որ նախաքննության մարմինն արգելում է հրապարակել իրենց հայտնի փաստական տվյալները:
Եգորյանը նաև հավելել է՝ ցերեկն են հայտնել, որ Քերոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվում:
Փետրվարի 15-ին Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում էր նաև ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: