Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս Այրես» անվան զբոսայգու տարածքում գտնվող ինքնակամ շինությունները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ուղիղ վաճառքի միջոցով օտարել են ֆիզիկական անձանց, հայտնում են Դատախազությունից։
Մասնավորապես, Հալաբյան փողոցի 65/6 հասցեում գտնվող 19.5 քմ մակերեսով կառույցը, 515.89 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Հալաբյան 65/4 հասցեում գտնվող 36.28 քմ կառույցն ու կառույցի համար առանձնացված 42.16 քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են այն անձանց, որոնք կառուցել են ինքնակամ շինությունները:
«Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր, դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժ՝ ազատազրկում՝ 4 տարի ժամկետով):