Դատարանը երկու ամսով կալանավորել է կաշառքի գործով երեկ՝ մարտի 14-ին ձերբակալված Երևանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանին, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը:
Գևորգյանը նաև մանրամասներ հայտնեց կալանավորվածների մասին։ Նրա տեղեկությամբ` գործի շրջանակում կալանավորվել է «Արխի-Տուր» ընկերության ճարտարապետ Շահեն Պետրոսյանը, որը Քնարիկ Պետրոսյանի հետ միասին մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Գործով անցնում է նաև քաղաքացի Արթուր Կչրյանը՝ կաշառք տալու մեղադրանքով:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնեց, որ գործով ձերբակալված 5 անձանցից երեքին դատարանը կալանավորել է, իսկ երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել երկրից բացակայելու արգելքը։