Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանի աշխատակիցը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված պաշտոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։
Գերատեսչության մամուլի խոսնակը չի մանրամասնել, թե ինչ հոդվածներով են առաջադրվել մեղադրանքները: Նա հավելել է, որ կալանավորման և գործի այլ մանրամասների մասին կհաղորդեն վաղը:
Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում բացահայտումներ են արել՝ ապօրինի շինթույլտվությունների գործով: