Հայաստանի և Արցախի 5 իրավապաշտպան Հայաստանի իշխանություններից պահանջում է զերծ մնալ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու գործընթացից, քանի որ այդ որոշումն «անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ՀՀ և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, միջազգային փորձագետ Արա Ղազարյանն այսպես են արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա խաղաղության պայմանագրի կնքման դեպքում չէր բացառել Ադրբեջանի դեմ ՀՀ միջազգային հայցերից հրաժարվելու հնարավորությունը։
«Հայաստանի իշխանություններից վճռականորեն պահանջում ենք զերծ մնալ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու հայտարարություններից ու գործողություններից։ Ավելին, պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով՝ Միջազգային քրեական դատարանին դիմելու միջոցով»,- ասված է հայտարաության մեջ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում Հայաստանը ևս կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից:
«Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ՝ հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար: Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով ՀՀ և նրա ժողովրդի դեմ` Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով»,- հայտարարել են իրավապաշտպանները։
Նրանք շեշտել են, որ միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար:
«ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից»,- հավելել են իրավապաշտպանները։
Նրանք ընդգծել են, որ միջպետական հայցերից հրաժարվելու դեպքում անորոշ է լինելու անհատական գանգատների ճակատագիրը, և Երևանի կողմից հայցերից հրաժարվելը լեգիտիմացնելու է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:
«Միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի կառավարության հրաժարումն օրինականացնելու է ադրբեջանական ատելության քաղաքականությունն ու ծանր հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ, ծնելու է մեր իրավունքների նոր խախտումներ ու հանցանքներ»,- եզրափակել են իրավապաշտպանները։