Մարտի 24-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելու, պայթյունի դեպքի նախաքննության շրջանակում Քննչական կոմիտեն «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կազմակերպության գրասենյակում, նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում 23 խուզարկություն է իրականացրել և հայտնաբերել է զենք, նռնակ, ինչպես նաև թմրամիջոցի նմանվող զանգվածներ, հայտնում են ՔԿ-ից։
«Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և քննության համար վերցվել են փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում՝ զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել է նաև 2 մարտական նռնակ»,- հավելել են ՔԿ-ից։
Ըստ գերատեսչության՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանության հանցակազմ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։
ՔԿ-ից հավելել են, որ դեպքի առթիվ ավելի քան մեկ տասնյակ անձ է հարցաքննվել, հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություններ են ներկայացվել Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ:
Մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երեք զինված քաղաքացի փորձել էր ներխուժել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության բաժնի շենք: 55-ամյա Ա. Մ.-ն նռնակ էր պայթեցրել, ինչի հետևանքով նա և 51-ամյա Վ. Գ.-ն ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ զինված խմբի երրորդ անդամը՝ 34-ամյա Ս. Հ.-ն, վնասազերծվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ էր հարուցել։