Դատարանը բավարարել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալված 3 անձից 2-ին՝ Ս.Հ.-ի և Վ.Գ.-ին կալանավորելու միջնորդությունը, հայտնել են Քննչական կոմիտեից։
Վարույթով անցնող 3-րդ անձը՝ Ա.Մ.-ն, որը նռնակ էր պայթեցրել ու վիրավորվել, ՔԿ-ի փոխանցմամբ շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ ՔԿ-ն տեղեկացրել է, որ Ա.Մ.-ին ձերբակալելու որոշում է կայացվել։
ՔՆ-ն հավելել է, որ 3 անձի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
Մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երեք զինված քաղաքացի փորձել էր ներխուժել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության բաժնի շենք: 55-ամյա Ա. Մ.-ն նռնակ էր պայթեցրել, ինչի հետևանքով նա և 51-ամյա Վ. Գ.-ն ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ զինված խմբի երրորդ անդամը՝ 34-ամյա Ս. Հ.-ն, վնասազերծվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ էր հարուցել։