«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի ղեկավարների տներում և գրասենյակներում մարտի 26-ին իրականացված միաժամանակյա խուզարկություններով ՔԿ-ն հայտնաբերել է քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, Armenia Today-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ այդ առարկաների օրինականությունն ստուգելուն և հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են։
Աբրահամյանը հավելեց, որ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում մարտի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալները երեքն են, նրանց թիվը չի ավելացել, այլ ձերբակալությունների մասին տեղեկություն չկա։
Մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երեք զինված քաղաքացի փորձել էր ներխուժել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության բաժնի շենք: 55-ամյա Ա. Մ.-ն նռնակ էր պայթեցրել, ինչի հետևանքով նա և 51-ամյա Վ. Գ.-ն ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ զինված խմբի երրորդ անդամը՝ 34-ամյա Ս. Հ.-ն, վնասազերծվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ էր հարուցել։