Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտնել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին, տեղեկացնում է Վարդանյանի գրասենյակը։
Ըստ հայտարարության՝ նա հացադուլն սկսել է ապրիլի 5-ին, որից հետո Բաքուն դադարեցրել է ապահովել Վարդանյանի ընտանիքի հետ կապը։
«Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս»,- հայտնել են գրասենյակից։
Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, տեղեկացրել է, որ ընտանիքը մտահոգված է Վարդանյանի առողջական վիճակով:
«Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Հացադուլն սկսելուց ի վեր նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Վարդանյանի որդին։
Վարդանյանի ընտանիքը պահանջել է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Վարդանյանին։
«Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց: Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա միջազգային Կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։
Պետք է վերականգվի Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը: COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանս-խմբ․) չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման»,-հայտարարել է Վարդանյանի ընտանիքը։
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Վարդանյանից բացի Բաքվի բանտում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։