Քննչական կոմիտեն «իրականության խեղաթյուրում» է որակել փաստաբան Վահան Հովհաննիսյանի հաղորդումը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու մասին։ Փաստաբանը հայտնել էր, որ տղամարդը Երևանի Շենգավիթի քննչական բաժնում ենթարկվել է խոշտանգումների, որից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն։
ՔԿ-ն նշել է, որ «Հայփոստ»-ի բաժանմունքում ավազակության փորձ կատարելու գործով որպես վկա բաժին հրավիրված Գ․Մ-ն հրաժարվել է ԴՆԹ նմուշներ տալ:
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Գ․Մ․-ի հագին եղած հագուստն առգրավելու մասին, որի կատարման ընթացքում Գ․ Մ․-ն անհնարին է դարձրել քննչական գործողության կատարումը և գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին, ապա՝ պատճառաբանելով, թե իրեն լավ չի զգում, խնդրել է բժիշկ կանչել, ինչն էլ կատարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ Գ․Մ․-ի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, պատժվում է մինչև երկու տարի ազատազրկմամբ) և նա ձերբակալվել է։
«Պնդումներն այն մասին, որ Գ․Մ․-ն ենթարկվել է խոշտանգման, որևէ փաստական հիմքեր չունեն։ Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննությամբ»,- հավելել են ՔԿ-ից։
Ապրիլի 3-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ժամը 09:10-ի սահմաններում, 25-30 տարեկան տղամարդը մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ի բաժանմունք, խլացուցիչ ատրճանակով սպառնալով՝ փող է պահանջել: Աշխատակիցներից տեղեկանալով, որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը: