Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճի վերաբերյալ։ Համապատասխան գրառումը կազմակերպությունը հրապարակել է X սոցցանցում՝ կցելով նախկինում կալանավորված Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության հղումը։
Կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի այս պրակտիկան և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու շոշափելի բարեփոխումները»:
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որում Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք» և ասել, որ իշխանությունները «հանձնում են իրենց հայրենիքը»։ Պատգամավորի հասցեին հնչեցրած վիրավորանքները Սիմոնյանը «խուլիգանական արարք» էր որակել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի կալանավորման մասին։ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, պատժի առավելագույն ժամկետն ազատազրկումն է երկու տարով)։ Ավելի ուշ ձերբակալվածին մեղադրանք էր առաջադրվել նաև քաղաքական նպատակներով ատելություն սերմանելու համար։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը պատմել էր նաև Վարդանյանի ձերբակալությունից հետո նրան ծեծի ենթարկելու մանրամասները։ Ապրիլի 17-ին դատարանը Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 7 միլիոն դրամ գրավը։ ՔԿ-ն Սամվել Վարդանյանին խոշտանգելու հաղորդումների առթիվ քրվարույթ էր նախաձեռնել։