Նոյեմբերյանում տեղի ունեցած խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ ձերբակալվել է 5 անձ, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյանի «Հովնար» խանութի առջև մի խումբ անձինք ճանապարհ են փակել։
54-ամյա և 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն նրանց ազատ տեղաշարժը խոչընդոտվել է, ծագել է վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերոնշյալ երկու անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նույն օրը՝ ժամը 12:10-ի սահմաններում, ևս մեկ անձ «ՈՒԱԶ»-ով փորձել է անցնել այդ ճանապարհահատվածով, սակայն անձինք խոչընդոտել են ավտոմեքենայի ընթացքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, և դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ձեռքերով և փայտերով հարվածներ են հասցրել վերոնշյալ տղամարդու ավտոմեքենային: Վնասվածք է ստացել մեկ այլ անձ, ով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով (Ֆիզիկական ներգործություն` մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ներգործություն` մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով), 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խուլիգանական դրդուղմներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով) և 297-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, 54-ամյա անձը 50-ամյա տղամարդու և մի շարք այլ անձանց հետ քաղաքի կենտրոնական հատվածում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել 69-ամյա մի տղամարդու հասցեին, իսկ 50-ամյա անձը ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (Ֆիզիկական ներգործությունը խուլիգանական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։