ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Այս մասին հայտնել է Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի վերջինս այլևս տնային կալանքի տակ չէ»,- ասել է պաշտպանը։
Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձի, որոնցից 5-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Կալանավորվածների թվում էր նաև ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիններս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում էր նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, որը ևս ազատ էր արձակվել։