Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ապրիլի 4-ին Կիրանցից մեկնարկած սահմանազատման դեմ երթի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին զգուշացրել է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
Շարժման մասնակիցները երթով հասել են Աբովյան քաղաք, որտեղից երթի 6-րդ օրը՝ մայիսի 9-ին, կշարժվեն Երևան, ուր ժամը 16։00-ին հանրահավաք են իրականացնելու։
«ԱԱԾ-ն սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- հայտարարել է ԱԱԾ-ն։
Հաղորդագրության մեջ ընդգծվել է սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելության մասին։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։