«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն անհնազանդության ակցիաներ են սկսել Հայաստանում։ Նրանք փողոցներ են փակել, իրազեկման ակցիաներ իրականացրել։
«Ազգային ճակատը» հայտնել է, որ փակվել են Բաղրամյան, Սարյան, Թումանյան փողոցները, ինչպես նաև Թումանյան-Նալբանդյան խաչմերուկը, Պուշկին-Փարպեցի, Սարյան-Արամի խաչմերուկները։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանում ևս իրազեկման ակցիա է իրականացվել։
Արգելափակվել են նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղին և Տիգրան Պետրոսյան փողոցը: Ցուցարարները միաժամանակ շրջափակել են Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկը՝ որպես բարիկադ տեղադրելով խոտի տուկեր։
«Ազգային ճակատը» հայտնել է ակտիվիստներին բերման ենթարկելու և ձերբակալությունների մասին։ Ավելի ուշ Armenia Today-ին ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հատնել են, որ ժամը 10։00-ի դրությամբ ակցիայի 88 մասնակից է բերվել ոստիկանություն։ Նրանք, ՆԳՆ-ի փոխանցմամբ, ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջը չկատարելը, սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով-խմբ․)։ 10։30-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ կա 113 բերման ենթարկված, իսկ ժամը 10։40-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 134-ի։
Ավելի ուշ «Ազգային ճակատից» հայտարարել են, որ ձերբակալվել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Նա ձերբակալման պահին հետևել է խաղաղ անհնազանդության գործողություններին և, չլինելով դրա մասնակիցը, իրականացրել է մասնակիցների իրավունքների պաշտպանության գործառույթ»,- հավելել են «Ազգային ճակատից»։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութերում։