Քննչական կոմիտեն հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի մասնակցի ձերբակալության մասին։
Ըստ ՔԿ-ի՝ ակցիայի մասնակցի կողմից կատարվել է առերևույթ խուլիգանական արարք․ նա հայհոյել և ձեռքով հարվածել է ճանապարհը բացելու մասին արտահայտված քաղաքացու դեմքին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն, պատժվում է առավելագույնը 2 տարի ազատազրկմամբ)։
ՔԿ-ն հայտնել է նաև, որ իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով։
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Մայիսի 10-ին, 11-ին, 13-ին և 14-ին Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։
Մայիսի 10-ին անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 10 քաղաքացի, մայիսի 11-ին՝ 48 քաղաքացի։ Մայիսի 13-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 171 մասնակցի, իսկ մայիսի 14-ին՝ 63 քաղաքացու, այդ թվում՝ նաև անչափահասներ։