«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարել է, որ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը բերման է ենթարկվել, այնուհետ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 5 աջակից։ Նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է, որ «նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը հերքվել է անձնական խուզարկությամբ»։
Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվածների թվում է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Ձերբակալվածներին, սակայն, խուզարկությունից հետո ազատ չեն արձակել։
«Քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։ Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերն ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար»։
Մայիսի 4-ին սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։