Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը միջազգային հանրությունից պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Վարդանյանին։
Միջազային հանրությանն ուղղված կոչում ընդգծվում է, որ Բաքվի դատարանը մայիսի 16-ին 5 ամսով երկարաձգել է վերջինիս կալանքի ժամկետը։
«Կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է: Վարդանյան ընտանիքը միջազգային հանրությունից՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, պահանջում է Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը»,- ասված է կոչում։
Հայտարարության մեջ ընտանիքն ընդգծել է, որ կալանքի ժամկետի երկարաձգման միակ բացատրությունն այն է, որ գործը քաղաքական է։
«Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի։ Հետևաբար, նա պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվի»,- հավելել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։
Բաքվի դատարանը մայիսի 16-ին 5 ամսով երկարաձգել էր Վարդանյանի կալանքը, մայիսի 15-ին՝ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքների ժամկետները։ Բաքվի բանտում է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։