Դատարանը փոխել է Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի խափանման միջոցը և նրա նկատմամբ տնային կալանք է կիրառել, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Սուքոյանին ձերբակալել, այնուհետ կալանավորել էին Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի հետ ապրիլի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Սուքոյանը հայհոյել, ապա հարվածել էր Լևոնյանին այն բանից հետո, երբ պարզաբանում էր պահանջել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ տարածած տեսանյութի մասին։ Լևոնյանը տուժող էր ճանաչվել։
«Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և Սուքոյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք»,- տեղեկացրել է փաստաբանը։
Հունիսի 3-ին տեղեկացրել էինք, որ Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Լևոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր մասին ապրիլի 27-ին հրապարակված «զրպարտություն համարվող տվյալները»։ Նա, մասնավորապես, լրագրողից պահանջել էր հերքել այն հայտարարությունը, թե «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, առաջ է տանում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։ «Փաստինֆո»-ին Դատախազությունից հայտնել էին, որ ԱԱԾ-ն հերքել է արքեպիսկոպոսի՝ գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։