Հունիսի 6-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնել են ՔԿ-ից։
Նշվում է, որ հարցաքննել են բազմաթիվ անձանց, նշանակվել են փորձաքննություններ։ ՔԿ տվյալներով՝ պայթյունի հետևանքով 7 տուժածներից բացի, վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենա։
Քրվարույթը հարուցել են Քրեական օրենսգրքի 5 հոդվածով․ հրդեհային անվտանգության կանոնները, պահանջները խախտելու, այդպիսով ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության հատկանիշներով։
Առաջինը՝ ՔՕ 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։ Երկրորդը՝ 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։
Քրվարույթը հարուցել են նաև hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար (357-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով): Վարույթը հարուցել են նաև 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, օգտագործման կանոնները, պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։
Քրվարույթը հարուցվել է նաև 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։
«Հետքը» պարզել է, որ գազալցակայանը շահագործել է «Գազ օիլ» ՍՊԸ-ն՝ չունենալով այդ իրավունքը:
«Լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության»,- հավելել է կայքը։
Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ․ հատվածում տեղակայված գազալցակայաններից մեկում հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Նախնական վարկածով՝ պայթել էր հեղուկ գազի ցիստեռնը։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։ Հունիսի 7-ին ԱՆ-ն հայտնել էր, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։