Վարչական դատարանի աշխատակիցներն աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլ են հայտարարել, հայտարարել է ՀՀ դատական դեպարտամենտը։
«Դատական իշխանությունը դեռևս 2023 թվականից տարբեր մակարդակներում և տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։ Հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- ասված է հայտարարությունում։
Armlur-ի տեղեկություններով՝ գործադուլ հայտարարած աշխատակիցների թիվը գերազանցում է 100-ը։ Կայքի տվյալներով՝ աշխատակիցներին խոստացել են, որ աշխատավարձը կբարձրանա, բայց այժմ ասում են, որ բարձրացում չի լինելու։
«Ըստ աշխատակիցների՝ իրենց կանչել և պաշտոնապես հայտարարել էին, որ աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանալու է ու հիմա ասում են, որ չի բարձրանալու: Նրանց խոսքով՝ պարգևավճարները հանել են, որ աշխատավարձը բարձրացնեն, սակայն հիմա հրաժարվում են»,- գրել է կայքը։