Կոմիտաս փողոցի սուպերմարկետի դիմաց (արցախցի-խմբ․) եղբայրներին մահակի կիրառմամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար Երևան քաղաքի 28-ամյա բնակչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:
Ըստ ՔԿ-ի՝ հունիսի 21-ին «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների և Երևան քաղաքի 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որը վերաճել է վիճաբանության։
Երևանի բնակիչը բռունցքով հարվածել է (արցախցի-խմբ) եղբայրներից մեկին, ապա մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցրել փայտյա մահակը՝ դրանով հարվածել եղբայրների մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ տղամարդկանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել «գլխուղեղային վնասվածք» ախտորոշմամբ։
ՔԿ-ն հայտնել է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 10 տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ և դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։
Հունիսի 22-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող։ Փաստաբան Ռոման Երիցյանը հունիսի 21-ին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ճանապարհ չտալու պատճառով տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև դաժանաբար ծեծել են, իսկ քննիչները «հարսանիքի հրավիրված լինելու պատճառով ոչինչ չեն ձեռնարկել»։