Տուրիստական ընկերության էջում տեղադրված կեղծ հայտարարույամբ Երևանում բնակվող 30-ամյա տղամարդը 68 անձից հափշտակել է խոշոր գումարներ, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, 2020թ․ հուլիս–օգոստոս ամիսներին վերոնշյալ տղամարդը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել՝ իրականությանը չհամապատասխանող, «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին, ըստ որի հաճախորդների կողմից ձեռք բերված հանգստյան ուղեգրերի օրերն իբրև թե կրկնապատկվում են։
«Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները նշված համակարգով՝ հաղորդագրությամբ, ուղարկել են պահանջված տվյալները, որից հետո, վերջինիս կողմից ուղարկված բանկային կամ այլ վճարային հաշվեհամարին են փոխանցել հյուրանոցային համարի արժեքը։ Այնուհետև վերջինս, չբացահայտվելու, խարդախությամբ հափշտակություն կատարելու իր հանցավոր մտադրությունը շարունակելու համար, հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկել է քաղաքացիներին»,- հայտնում է ՔԿ-ն։
Հետագայում, սակայն, գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, ուստի հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է: Արդյունքում՝ տղամարդը ստացել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիներից փոխանցված նշված գումարները, որն ընդհանուր կազմել է 9.340.200 դրամ։
Ըստ հաղորդագրության՝ տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով): 30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քննչական կոմիտեն հայտնում, որ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։