Քննչական կոմիտեն գործ է հարուցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վերաբերյալ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է գերատեսչության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նրա հաղորդմամբ՝ հուլիսի 11-ին Mitsubishi Grandis մակնիշի քաղաքացիական ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ։
Նախնական տվյալներով՝ զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):